Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2017, 1582 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին ենթակետով.
«8.1) աշխատաժամանակի ռեժիմ` աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ և 141-րդ հոդվածներով սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ:»,
բ. 5-րդ կետի 7-րդ ենթակետում «(այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող)» բառերը փոխարինել «(այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին, աշխատաժամանակի ռեժիմին և համատեղությամբ աշխատանքին վերաբերող)» բառերով,
գ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «մասնագիտությունը» բառից հետո լրացնել
«, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) և ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում` շաբաթական տևողությունը, համատեղությամբ աշխատանքը» բառերով,
դ. 30-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հաշվետու ամսվա համար հաշվարկված (վճարված) աշխատավարձը (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից), դրանից հաշվարկված եկամտային հարկի (կենսաթոշակային վճարի, այսուհետ` եկամտային հարկ) և սոցիալական վճարի չափը, փաստացի աշխատած ժամերը` ըստ վարձու աշխատողների».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38-րդ և 39-րդ կետերով.
«38. Սույն հավելվածի 8-րդ կետում և 30-րդ կետի 5-րդ ենթակետում նշված` վարձու աշխատողների փաստացի աշխատած ժամերի քանակի, հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վճարման աղբյուրների (պետական և համայնքային բյուջեներից), աշխատաժամանակի ռեժիմների (նորմալ տևողություն, ոչ լրիվ աշխատաժամանակ) և համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ տվյալների լրացումը գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում պարտադիր է այն գործատուների համար, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ընտրանքային դիտարկումների ծրագրում: Պահանջվող տվյալները ներկայացնելու դեպքում՝ սույն կետում նշված գործատուներն ազատվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվության, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ ներկայացնելու պարտավորությունից: Սույն կետում նշված գործատուների կողմից նշված տվյալները գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում չներառելու դեպքում նրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվություն, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ:
39. Սույն հավելվածի 38-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված կարգի խախտմամբ (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու համար գործատուները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ենթարկվում են պատասխանատվության՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:».
3) որոշման N 3 հավելվածում`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը.»,
բ. 5-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «պաշտոնից ազատման ամսաթիվը» բառերից հետո լրացնել «մասնագիտությունը, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) և ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում` շաբաթական տևողությունը, համատեղությամբ աշխատանքը,» բառերով,
գ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը «չափը» բառից հետո լրացնել «վարձու աշխատողի փաստացի աշխատած ժամերը,» բառերով,
դ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «ե» պարբերությունում «եկամտային հարկի չափը» բառերը փոխարինել «եկամտային հարկի և կենսաթոշակային վճարի չափերը» բառերով,
ե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն է տրամադրում հետևյալ տեղեկատվությունը՝
1) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած՝
ա. գործատու իրավաբանական անձի` պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, անվանումը, սեփականության ձևը, գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման միավորների դասակարգչի» (մարզ/Երևան քաղաք, համայնք, բնակավայր/վարչական շրջան), հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն,
բ. գործատու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը.
2) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու դեպքում`
ա. հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ամիսը և տարին,
բ. վարձու աշխատողների թիվը, փաստացի աշխատած ժամերի քանակը, ինչպես նաև հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից) չափը` ըստ աշխատաժամանակի նորմալ տևողության, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող և համատեղությամբ աշխատող վարձու աշխատողների, ինչպես նաև՝ ըստ սեռի և տարիքային խմբերի (15-29, 30-62, 63 և ավելի): Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների դեպքում՝ նաև շաբաթական տևողությունը,
գ. վարձու աշխատողներին վճարված նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը), չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը՝ առանձնացված),
դ. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,
ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարի չափը,
զ. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից) չափը, դրանցից պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը.
3) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու դեպքում՝
ա. ՀՎՀՀ-ն, անունը, ազգանունը,
բ. հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու տարին,
գ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի, դրանից հաշվարկված և վճարված շահութահարկի չափը,
դ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտից հաշվարկված և վճարված սոցիալական վճարի չափը,
ե. անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման N 9 հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավելի վճարված նպաստի չափը,
զ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերում հարկվող գործունեության տեսակների դեպքում՝ այդ գործունեությունն իրականացնելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը) և այդ գործունեության տեսակների մասով օրենքով սահմանված կարգով վճարված շահութահարկի և սոցիալական վճարի գումարները:»:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համատեղ միջոցներ ձեռնարկել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: