Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2017, 1528 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքից 1158.85 քառ. մետր մակերեսով մասը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Լեոյի 54 հասցեում գտնվող 2503.4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և 55.9 քառ. մետր մակերեսով կաթսայատունը (այսուհետ՝ գույք), ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.12 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
3. Սահմանել ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 515 890 000 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 515 890 000 դրամ.
3) մրցույթով օտարման անհրաժեշտ նվազագույն ներդրումների չափը՝ 1.0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (հաշվարկված ներդրումների կատարման ժամանակահատվածի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով).
4) գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.12 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 30 420 000 դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 60 տոկոսից.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 200 000 դրամ գումարի արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լուծել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2008 թվականի օգոստոսի 5-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N21/008-1 պայմանագիրը:
5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: