Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2017, 1517 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների, կամ տույժերի գծով դրամային պարտավորությունների (այսուհետ՝ պարտավորություն) մասով ձեռնպահ մնալ տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց՝
1) եթե առկա են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի հիմքերը, սակայն տվյալ պարտավորության կամ դրա որոշակի մասի (եթե ընդհանուր պարտավորության և տվյալ մասի դրական տարբերությունն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմք չէ) նկատմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով ավարտված չէ կամ 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճված չէ.
2) եթե պարտապանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված չէ, կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում հնարավոր չի եղել կայացնել գումարի գանձման մասին որոշում և ներկայացնել հարկադիր կատարման, սակայն օրենքի 3-րդ հոդվածի հիմքերն ի հայտ գալու նախորդ և հետագա յուրաքանչյուր ամսում պարտապանը վճարել է տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ առկա պարտավորության առնվազն 20 տոկոսը:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պայմանների՝ վեց և ավելի ամիսների շարունակելիության դեպքում կոմիտեն պարտավոր է նշված ժամկետից հետո մեկամսյա ժամկետում սնանկության պահանջով դիմել դատարան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: