Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2017, 1492 - Ն

ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետի՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթիների հաշվարկման նպատակով, ռոյալթի վճարողների կողմից իրացվող խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս վճարվող մետաղների գծով գնորդի կողմից չվճարվող առավելագույն սահմանաչափեր են՝ ներառյալ պայմանագրով վճարող մետաղների մասով կիրառվող ցանկացած նվազեցումները, համարվում՝
1) պղնձի խտանյութի դեպքում՝
ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող պղնձի 1 տոկոսային կետը,
բ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու փաստացի քանակությունը, եթե այն պակաս է 1 գրամից,
գ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու քանակության 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող ոսկու քանակությունը պակաս չէ 1 գրամից,
դ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի փաստացի քանակությունը, եթե այն պակաս է 30 գրամից,
ե. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի փաստացի քանակության 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող արծաթի քանակությունը պակաս չէ 30 գրամից.
2) ցինկի խտանյութի դեպքում՝
ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ցինկի 8 տոկոսային կետը,
բ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող ոսկու քանակությունը պակաս չէ 1 գրամից,
գ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող արծաթի քանակությունը պակաս չէ 30 գրամից.
3) մեկ չոր մետրիկ տոննայում մոլիբդենի խտանյութի դեպքում՝ խտանյութում պարունակվող մոլիբդենի 0,5 տոկոսը, եթե պայմանագրով նախատեսված են վերամշակման ծախսերի արժեքային մեծություններ.
4) ոսկու խտանյութի դեպքում՝
ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու փաստացի քանակության 15 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող ոսկու քանակությունը պակաս չէ
1 գրամից,
բ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի փաստացի քանակության 15 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող արծաթի քանակությունը պակաս չէ 30 գրամից։
2. Հիմք ընդունելով համաշխարհային խոշորագույն արդյունահանողների և ձուլարանների միջև պայմանագրերի բանակցման արդյունքում ձևավորված՝ մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի տարեկան ուղենիշային գների Անուալ բենչմարկ (Annual benchmark) վերաբերյալ Մետալ Բյուլետին (Metal Bulletin), Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Սի Ար Յու Մոնիթոր (CRU monitor), Էս էնդ Փի Գլոբալ Փլաթս (S&P Global Platts) կազմակերպությունների կողմից հրապարակվող տվյալները՝ սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթիների հաշվարկման նպատակով ռոյալթի վճարողների կողմից իրացվող խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս, խտանյութերի մատակարարման պայմանագրով սահմանված վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափեր են՝ ներառյալ պայմանագրով վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի մասով կիրառվող ցանկացած նվազեցումները, համարվում՝
1) պղնձի խտանյութի դեպքում՝
ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութի վերամշակման ծախսեր՝ 90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,
բ. վճարվող մեկ ֆունտ պղնձի զտման ծախսեր՝ 0.09 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,
գ. վճարվող մեկ տրոյական ունցիա ոսկու զտման ծախսեր՝ 3 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,
դ. վճարվող մեկ տրոյական ունցիա արծաթի զտման ծախսեր՝ 0.3 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը.
2) ցինկի խտանյութի դեպքում՝ մեկ չոր մետրիկ տոննա ցինկի խտանյութի վերամշակման և զտման ծախսեր՝ 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը.
3) մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մեկ չոր մետրիկ տոննա մոլիբդենի վերամշակման և զտման համար պայմանագրով նախատեսված ծախսի չափը, սակայն վերամշակման, զտման և գնորդի կողմից չվճարվող մետաղի համար նախատեսված ծախսերի արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի խտանյութում պարունակվող մոլիբդենի արժեքի 15 տոկոսը.
4) ոսկու խտանյութի դեպքում՝
ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութի վերամշակման ծախսեր՝ 185 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը, իսկ մեկ տրոյական ունցիայի զտման համար 6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,
բ. վճարվող մեկ տրոյական ունցիա արծաթի զտման ծախսեր՝ 0.4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթիների հաշվարկման նպատակով ռոյալթի վճարողների կողմից խտանյութերի տեղափոխման համար կատարվող ծախսերի՝ ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման ծախսերը, առավելագույն սահմանաչափեր են համարվում՝
1) մեկ չոր մետրի տոննայի վերահաշվարկված խտանյութի հաշվով 12 հազ. դրամը չգերազանցող չափը՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին խտանյութի վաճառքի դեպքում.
2) մեկ չոր մետրիկ տոննայի վերահաշվարկված խտանյութի հաշվով 30 հազ. դրամը չգերազանցող չափը՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խտանյութի դեպքում, եթե տրանսպորտային փոխադրման սկզբնակետը գտնվում է Բագրատաշեն մաքսակետից ավելի քիչ, քան 150 կմ հեռավորությամբ.
3) մեկ չոր մետրիկ տոննայի վերահաշվարկված խտանյութի հաշվով 40 հազ. դրամը չգերազանցող չափը՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խտանյութի դեպքում, եթե տրանսպորտային փոխադրման սկզբնակետը գտնվում է Բագրատաշեն մաքսակետից 150 կմ և ավելի հեռավորությամբ։
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված տրանսպորտային ծախսերին համարժեք գումարը կարող է առանձնացված չլինել 2-րդ կետով նշված ծախսերից։ Այդ դեպքերում 1 չոր մետրիկ տոննա խտանյութի համար որպես վերամշակման և տրանսպորտային ծախսերի նվազեցվող միասնական առավելագույն սահմանաչափ է համարվում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված սահմանաչափերի հանրագումարը։
5. Սահմանել, որ ռոյալթիի հաշվարկման իմաստով հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված առավելագույն սահմանաչափերը գերազանցելու դեպքում նվազեցումները հաշվարկվում են սույն որոշմամբ սահմանված առավելագույն սահմանաչափին համարժեք, իսկ առավելագույն սահմանաչափերը չգերազանցելու դեպքում հաշվի են առնվում պայմանագրով նախատեսված չափին համարժեք:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։