Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2017, 1473 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.35 հեկտար հողամասից 5300000 դրամ գնահատված արժեքով, 0.21850 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքին՝ նվիրաբերված հողամասում համայնքային շուկա կառուցելու պայմանով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի միջոցների հաշվին իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի չափագրման, որպես առանձին գույքային միավորի գրանցման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ՝
1) նվիրաբերվող հողամասում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի կողմից կկառուցվի համայնքային շուկա, որի կառուցման նպատակով կիրականացվի 35 մլն դրամի չափով ներդրում՝ հետևյալ համամասնությամբ` 2018 թվականին՝ 15 մլն դրամ, 2019 թվականին՝ 10 մլն դրամ, 2020 թվականին՝ 10 մլն դրամ, ընդ որում, նշված աշխատանքների չկատարման դեպքում նվիրաբերությունը համարվում է վերացված.
2) նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ նշված համայնքի միջոցների հաշվին.
3) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով այդ հողամասի չափագրման և դրա՝ որպես առանձին միավորի պետական գրանցման վկայականում նշված տվյալները (մակերեսը, հասցեն և այլն):