9 Նոյեմբերի 2017, 1436 - Ա
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴՒՄԱՑ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «Դի ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հրաժարագնի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ 2015 թվականի սեպտեմբերի 29-ի N 6/2015 վարկային պայմանագրով տրամադրված վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեով 1719.96 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը (հողի և շենքի ընդհանուր սեփականությունում 171996/4703498 բաժնեմասով) և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1240423000 դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին (ավելացված արժեքի հարկը ներառյալ) հավասար գնով Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին՝ գործարքի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կատարելով ընկերության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) տրամադրել գրավառուի համաձայնություն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, շինություն N 296 հասցեով 1719.96 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը Հայաստանի Հանրապետությանն օտարելու վերաբերյալ.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված հրաժարագնի գործարքի հիման վրա ձևակերպել 2015 թվականի սեպտեմբերի 29-ի N 6/2015 վարկային պայմանագրով «Դի ընդ Էյջ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 10 մլն ԱՄՆ-ի դոլար բյուջետային վարկի հիմնական գումարից հրաժարագնի գումարի չափով մասնակի մարումը՝ վերցվող անշարժ գույքի գնահատման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքից ելնելով` վարկառուի հետ կնքելով համապատասխան համաձայնագիր:
3. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի «Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: