6 Հոկտեմբերի 2005, 2400 - Ն
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
6-րդ բաժնի 10-րդ կետի 4-րդ ենթակետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:
2. Ստեղծել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
4. «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
5. Սահմանել, որ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
6. Թույլատրել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
դ) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
ե) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
զ) սովորողների սննդի կազմակերպում.
է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
ը) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.
թ) ուսումնագիտաարտադրական բազաներում և առողջարարական կենտրոններում հանգստի կազմակերպում.
ժ) մշակութային գործունեության ծավալում:
7. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Գորիս քաղաքում գտնվող շենքը, շինությունները` Գորիսի Ավանգարդի N 2 հասցեում գտնվող 1-ին ուսումնական մասնաշենքը (2080 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 2 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը (1056 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 4 հասցեում գտնվող 2-րդ ուսումնական մասնաշենքը (3654 քառ. մետր ընդհանուր մակերեսով), օժանդակ շենքը (360 քառ. մետր ընդհանուր մակերեսով), բնակելի շենքը (434 քառ. մետր ընդհանուր մակերեսով) և Կոմերիտմիության N 2 հասցեում գտնվող հանրակացարանի շենքը (112000 քառ. մետր ընդհանուր մակերեսով)` համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի, հետ վերցնել և ամրացնել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
8. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված Գորիս քաղաքում գտնվող շենք, շինություններում` Գորիսի Ավանգարդի N 2 հասցեում գտնվող 1-ին ուսումնական մասնաշենքում (2080 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 2 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում (1056 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 4 հասցեում գտնվող 2-րդ ուսումնական մասնաշենքում (3654 քառ. մետր ընդհանուր մակերեսով), օժանդակ շենքում (360 քառ. մետր ընդհանուր մակերեսով), բնակելի շենքում (434 քառ. մետր ընդհանուր մակերեսով) և Կոմերիտմիության N 2 հասցեում գտնվող հանրակացարանի շենքում (112000 քառ. մետր ընդհանուր մակերեսով), գտնվող գույքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
9. Սահմանել, որ`
ա) մինչև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարեցումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները կատարվում են սահմանված կարգով:
Նշված հատկացումները Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարեցումից հետո ներառվում են «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.
բ) «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: