26 Հոկտեմբերի 2017, 1356 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
163-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանն իր միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի N 2/1 հասցեում գտնվող 2733.3 քառ. մետր մակերեսով, 4-րդ աստիճանի վթարային կիսակառույց շինության (այսուհետ՝ գույք) քանդման (ապամոնտաժման) աշխատանքները՝ հետագայում տարածքում նոր մասնաշենք կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Սևան» մարզական հասարակական կազմակերպության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքներն ավարտելուց և նոր մասնաշենք կառուցելուց հետո՝
1) ապահովել անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ գրանցման և գրանցման համար անհրաժեշտ չափագրման աշխատանքներն իրականացնելով «Սևան» մարզական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ հիմք ընդունելով նոր վկայականում նշված անշարժ գույքի տվյալները (մակերեսը, հասցեն և այլն):
3. Սահմանել, որ «Սևան» մարզական հասարակական կազմակերպության կողմից նոր մասնաշենքի կառուցման հետ կապված ծախսերը փոխհատուցման ենթակա չեն: