12 Հոկտեմբերի 2017, 1307 - Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի N 2/1 ուսուցչի տանը, Երևան քաղաքի Աճառյան 20/3, Երևան քաղաքի Նոր-Նորք Մոլդովական փողոցի 29/1, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական փողոցի N 4 հասցեի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 7-րդ հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուսուցչի տան և հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել սեփականաշնորհման պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին: