Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2017, 1165 - Ա

«ՆՈՐՔ» ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Նորք» հոգեբուժական կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Գ. Հովսեփյան 32/6, գրանցման համարը՝ 222.120.804400) և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նուբարաշեն ավան, N 1/3, գրանցման համարը՝ 222.120.804401) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել, որ`
1) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի քանակը կազմում է 69,610 հատ, բաժնետոմսի անվանական արժեքը` 1,429.58 դրամ և կանոնադրական կապիտալի չափը` 99,513,063.8 դրամ:
3. Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ընկերության կանոնադրությունը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների և կանոնադրության գրանցումը, ինչպես նաև «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության դադարեցման պետական գրանցումը` ընկերության հաշվին: