7 Սեպտեմբերի 2017, 1135 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետի 7-րդ ենթակետում «2017 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 31-ը» բառերով.
3) N 1 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ և 8.5-րդ կետերով.
«8.1. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարան մուտքագրված տվյալները (շտեմարանում կատարված փոփոխությունները), յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը շտեմարանի համապատասխան ծրագրային գործիքի միջոցով ձևավորում է համապատասխան մարմնի համակարգի վճարման նախնական ցուցակը (այսուհետ՝ նախնական ցուցակ)՝ էլեկտրոնային տարբերակով։ Նախնական ցուցակը պահպանվում է շտեմարանում և հասանելի է համապատասխան մարմնին՝ դիտելու հնարավորությամբ։
8.2. Նախնական ցուցակում ներառվում են հետևյալ տվյալները՝
1) վճարման եղանակը.
2) կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ բանկի անվանումը և բանկային հաշվի համարը.
3) կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, առկայության դեպքում` կենսաթոշակառուի փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
4) կենսաթոշակառուին վճարման ենթակա կենսաթոշակի գումարը (այդ թվում` տվյալ ամսվան նախորդող ժամանակահատվածի համար)` ըստ ժամանակահատվածի և տեսակների.
5) կենսաթոշակառուին վճարման ենթակա ընդհանուր գումարը:
8.3. Համապատասխան մարմինն ուսումնասիրում է նախնական ցուցակը և, անհամապատասխանությունների (անճշտությունների) բացակայության դեպքում, շտեմարանի համապատասխան ծրագրային գործիքի միջոցով հաստատում է նախնական ցուցակը, ձևավորում է (տպում է) անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը և կնքած հայտ-պահանջագիրը ներկայացնում է ծառայություն։ Նախնական ցուցակում առկա անհամապատասխանությունները (անճշտությունները) ճշտում է համապատասխան մարմինը՝ շտեմարանում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով, որից հետո ձևավորվում է նոր նախնական ցուցակ։
8.4. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը ներառում է՝
1) տարեթիվը և ամիսը.
2) վճարման ցուցակում կենսաթոշակառուների թիվը, վճարվող զինվորական կենսաթոշակի գումարը՝ ըստ վճարման եղանակի, բանկերի (այդ թվում՝ տվյալ ամսվա համար վճարվող գումարը տարանջատելով անցած ժամանակահատվածի համար վճարվող գումարներից).
3) վճարման ցուցակում պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը, վճարվող պարգևավճարի գումարը՝ ըստ վճարման եղանակի, բանկերի (այդ թվում՝ տարանջատելով այն պարգևավճարի գումարը, որը վճարվում է զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձանց, իսկ տվյալ ամսվա համար վճարվող գումարը տարանջատելով անցած ժամանակահատվածի համար վճարվող գումարներից).
4) վճարման ցուցակում կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ ստացող անձանց թիվը, այդ անձանց վճարվող թաղման նպաստի գումարը՝ ըստ վճարման եղանակի և բանկերի։
8.5. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների վճարման արդյունքների մասին տեղեկատվությունը շտեմարան է մուտքագրում ծառայությունը։ Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու (բանկ ներկայանալու) վերաբերյալ տեղեկատվությունը բանկից ստանում և շտեմարանում այդ տեղեկատվության կիրառությունն ապահովում է ծառայությունը։».
4) N 1 հավելվածի 13-րդ կետը «վճարման ցուցակը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման ցուցակը ձևավորվում է առանձին՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը:».
5) N 1 հավելվածի 14-րդ կետը «բանկային հաշվին:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությումբ.
«Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին է տրամադրվում և վճարման ենթակա գումարը բանկին փոխանցվում է սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:».
6) N 1 հավելվածի 18-րդ կետը «տարբերակը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարման ցուցակը տպագրվում է առանձին՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը:».
7) N 1 հավելվածի 19-րդ կետը «փոխանցելը։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Համապատասխան մարմնի համակարգի կանխիկ եղանակով վճարման ցուցակի թղթային տարբերակը տպագրվում է, տրամադրվում է վճարող կազմակերպությանը և վճարման ենթակա գումարը բանկին փոխանցվում է սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:»:
2. Սահմանել, որ՝
1) սկսած 2018 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու (վերահաշվարկելու) և վճարումն ապահովելու՝ վճարման ցուցակները վճարող կազմակերպություններին (բանկերին) տրամադրելու համար ձևավորելու գործառույթներն իրականացվում են պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի) միջոցով.
2) սկսած 2018 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.
3) 2017 թվականի նոյեմբերի 1-ից իրականացվում է համապատասխան մարմինների համակարգերի կենսաթոշակառուներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու (վերահաշվարկելու) և վճարումն ապահովելու՝ վճարման ցուցակները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի) միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման N 1 հավելվածի 8.1-8.5-րդ կետերով սահմանված կարգով, ձևավորելու փորձնական ծրագիր։
3. Համապատասխան մարմինների ղեկավարներին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համար համապատասխան (հատուկ) համակարգչային ցանցի միջոցով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանին հասանելիությունն ապահովելու («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգ մուտք գործելու հնարավորություն ընձեռելու) ուղղությամբ.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուների և պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց տվյալները, ըստ անհրաժեշտության, ճշտելու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգ) ներառելու և սույն որոշմամբ սահմանված փորձնական ծրագիր իրականացնելու ուղղությամբ։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանն անժամկետ, անհատույց օգտագործման համար տրամադրել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը) կիրառելու համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-7-րդ ենթակետերի։ Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-7-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։