31 Օգոստոսի 2017, 1085 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 9-ի N 429 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 884-Ն որոշման մեջ և դրա 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը «արդյունավետ» բառից հետո լրացնել «պլանավորման և» բառերով.
2) կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) վարկային և (կամ) դրամաշնորհային ծրագրի նկարագրությունը` առնվազն ներառելով ծրագրի նպատակը, հիմնախնդրի նկարագրությունը և իրավիճակի համառոտ վերլուծությունը, նախատեսվող (առաջարկվող) աշխատանքների շրջանակը, երկրի ռազմավարական զարգացման և ոլորտային զարգացման ծրագրերի առաջնահերթություններին և համարժեք դրույթներին ներդաշնակությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով ամրագրված նպատակադրումներին (տնտեսական աճին կամ ոլորտի զարգացմանը, ներդրումներին, արտահանմանը և աշխատատեղերի ստեղծմանը) նպաստելու աստիճանը, հնարավորությունը և բնույթը, նախաձեռնության իրականացման ակնկալվող անմիջական և հարակից արդյունքները.
2) ֆինանսավորման նախնական գնահատված ծավալը, ֆինանսական ռեսուրսների դիտարկվող աղբյուրները, ֆինանսավորման նախատեսվող պայմանները (այդ թվում՝ ժամկետները, տոկոսադրույքը).
3) տեղեկատվություն ծրագրի իրականացման եղանակների մասին, ծրագրի իրականացման այլընտրանքային եղանակները, պետական-մասնավոր գործընկերությամբ իրականացնելու հնարավորությունը.
4) ծրագրի հիմնական նպատակի, խնդրի և (կամ) դրա առանձին բաղադրիչների ուղղությամբ իրականացվող այլ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն.
5) շահառուների շրջանակը` հնարավորության և անհրաժեշտության դեպքում ազդեցության բնույթը.
6) դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների պլան-ժամանակացույցը.
7) ծրագիրն իրականացնելու հրատապությունը և չիրականացնելու դեպքում ռիսկերի նկարագրությունը.
8) տեղեկատվություն բանակցային և ծրագրի հետագա իրականացման փուլում առկա կամ հնարավոր ռիսկերի մասին.
9) վարկային ծրագրի դեպքում՝ վարկի մարման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա վարկի ազդեցության մասին տեղեկատվությունը.
10) ծրագրի բյուջեի բացվածքի մասին մանրամասն հաշվարկ-հիմնավորումները.
11) այլ տեղեկատվություն (նախաձեռնությունը ներկայացնողի հայեցողությամբ):».
3) կարգի 3-րդ կետը «պետական մարմին՝» բառերից հետո լրացնել «նախնական ուսումնասիրության և» բառերով.
4) կարգի 3-րդ, 4-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
5) կարգի 12-րդ և 13-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
6) կարգի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերում «յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը,» և 9-րդ կետում «յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա» բառերով, իսկ «համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված ձևի» բառերից հետո լրացնել «կամ հանձնարարականում նշված այլ ձևաչափով» բառերով.
7) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը սույն կարգի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերում նշված հաշվետվությունն ու տեղեկատվությունը, իսկ 9-րդ կետում նշված տեղեկատվությունը բոլոր մարմիններից ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և (կամ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին:».
8) կարգի 12-րդ կետում «յուրաքանչյուր ամիս տեղի են ունենում քննարկումներ» բառերը փոխարինել «կարող են տեղի ունենալ քննարկումներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: