Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1076 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 857-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Գույք ձեռք բերելու և օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 857-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագիր` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով քաղաքացու միջոցների հաշվին.
2) նախքան սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումը, սույն որոշման 7-րդ կետում նշված օտարման պայմանագրի նախագիծը քննարկել գնորդի հետ՝ համաձայնեցում ձեռք բերելու նպատակով:».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարը վճարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր` դրանում սահմանելով, որ վերջինս պարտավորվում է`
1) ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը, սանիտարական դիսպենսերների և ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության և կոմունիկացիոն ցանցի համար, անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո: Այդ նպատակով պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում իրականացնել 3 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում՝
3 տարվա հաշվարկի սկիզբ ընդունելով շինարարության համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման օրը.
2) ներմուծել անհրաժեշտ սարքավորումներ և օժանդակ նյութեր՝ սանիտարական դիսպենսերների և ձեռքի սանիտարական հեղուկների արտադրության նպատակով.
3) շինարարության համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած երկու տարվա ընթացքում փաստագրել շինարարության ավարտը, սարքավորումների տրամադրումը և արտադրական գործունեության սկիզբը.
4) մինչև ներդրումների ավարտը գույքն օտարելու դեպքում նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ.
5) իր միջոցների հաշվին իրականացնել սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և դրանից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: