Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1043 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ, 605-րդ և 685-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում կառուցված և ձեռք բերված գույքի շահագործումը համաձայնագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական սեփականություն հանդիսացող՝ 135121989 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով գույքը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը՝ համաձայն N 1 հավելվածի, սպասարկման կենտրոնների անվտանգության համակարգերը, գրասենյակային կահույքը, անասնաբուժական սարքավորումները և գործիքները՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքում, Արագածոտնի մարզի Արտաշավանի համայնքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնների գույքը՝ համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև «ՄԵԳՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված «Ռենո-Դոկկեր» մակնիշի ավտոմեքենան՝ համաձայն N 5 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 1/21, 40) (այսուհետ` հիմնադրամ)` համաձայնագրի պահանջների իրականացման նպատակով:
2. Հիմնադրամին թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոններում մասնագիտական գործունեություն իրականացնող` համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Լոռու մարզերում անասնաբուժական գործունեություն իրականացնող` համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց ժամանակավոր պահատվությանը հանձնված 4429200 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն N 6 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նվիրաբերել հիմնադրամին՝ պայմանով, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի նույն անասնաբույժներին` համաձայնագրի պահանջների իրականացման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին և սույն որոշման N 6 հավելվածում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը հիմնադրամի հետ, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` ավտոմեքենայի հաշվառման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող և նվիրաբերվող գույքի օգտագործման պայմանները սահմանել պայմանագրերում` համաձայնագրի պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը հիմնադրամի հետ, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները սահմանել պայմանագրում` համաձայնագրի պահանջներին համապատասխան:
 

Հավելված