Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 1016 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱ ՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման համաձայն ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովների միջոցով, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, ապահովել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային գործերի համապատասխանեցումը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին և հաշվառված անձանց ցուցակների ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հերթականությամբ՝
1) սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում նշված բնակարանային ապահովության պայմաններ ունեցող՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների և 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում նշված այլ բնակարանային պայմաններ ունեցող 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ցուցակները՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը.
2) սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում նշված բնակարանային ապահովության պայմաններ ունեցող՝ 2-րդ կամ 3-րդ խմբերի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ցուցակները՝ մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում նշված բնակարանային ապահովության այլ պայմաններ ունեցող մյուս շահառուների ցուցակները՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի նոր աշխատակարգը.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը՝ ըստ սույն որոշման 2-րդ կետով սահմանված շահառուների հերթականության:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` նախորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածաշրջաններում (ըստ մարզերի և Երևան քաղաքի) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ ձևավորված շուկայական միջինացված գների մասին՝ սույն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի պայմաններին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սույն որոշման դրույթները տարածվում են մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1016 -Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ծագած հարաբերությունների վրա:»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված