10 Օգոստոսի 2017, 983 - Ն
«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ: Սահմանել, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:
2. Հաստատել «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Գեղամ Հակոբի Սարգսյանին (անձնագիր` AH0547205, տրված` 10.03 2008թ., 004-ի կողմից):
4. Առաջարկել հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 290-Ն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող, 15,660,317,643.00 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և 133,249,341,00 դրամ հաշվեկշռային արժեքով 7,84668 հեկտար հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հիմնադրամին:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ կնքել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի նոտարական վավերացման ու պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին,
բ. ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հիմնադրամի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 290-Ն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնված շարժական գույքը որպես գույքային ներդրում հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում հաստատել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկի գործունեությունը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված