10 Օգոստոսի 2017, 975 - Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 118200000 դրամ գնահատված արժեքով՝ 74.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և տասը տարի ժամկետով, ուղղակի ձևով վարձակալությամբ տրամադրել «Զանգակ գրատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի պետական գրանցման համարը` 282.110.947413, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Նոր Նորք, 0049, Նոր Նորքի 8-րդ զանգվ., շենք 30/39) (այսուհետ՝ ընկերություն)` նոր ձևաչափով գրախանութ ստեղծելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) երկամսյա ժամկետում «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2008 թվականի մայիսի 27-ին կնքված թիվ 6/008 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):
3. Պայմանագրում սահմանել, որ՝
1) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարը կազմում է 700000 դրամ.
2) վարձակալության հանձնված տարածքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) ընկերությունը պարտավորվում է տարածքի վերանորոգման, կահավորման և գրքի ֆոնդի ստեղծման նպատակով՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում կատարել 80 մլն դրամի չափով ներդրումներ.
4) ընկերությունը պարտավոր է սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ ներդրումների կատարման ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
5) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
6) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
7) ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
8) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են կատարման՝ ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ յուրաքանչյուր բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, սույն որոշման համաձայն կնքված պայմանագրով վարձակալի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տվյալ տարում փաստացի վճարված գումարի 20 տոկոսի չափով գումար՝ «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու նպատակով «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հատկացնելու վերաբերյալ: