27 Հուլիսի 2017, 915 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 4.2-րդ կետից հանել «Ընդ որում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթի շրջանակներում զինծառայողներին, քրեակատարողական, փրկարար ծառայության ծառայողներին տրամադրվող պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության ծառայությունների ծավալը պետք է առնվազն հավասար լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված` սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթի ծավալին։» նախադասությունը․
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.7-րդ կետով.
«4.7. Սահմանել, որ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը:».
3) որոշման 5.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.4 Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու համար սոցիալական փաթեթի շահառուն պետք է դիմի 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած բժշկական կազմակերպություն:».
4) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն` առողջապահական փաթեթի բաղադրամաս, որի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ:».
5) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «առողջապահական փաթեթից օգտվելու և (կամ)» և «բժշկական կազմակերպություններ» բառերը.
6) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետում «անձնագրի տվյալները (սերիան, համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված)» բառերը փոխարինել «նույնականացման քարտի տվյալները (համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված)» բառերով.
7) որոշման N 4 հավելվածի 1-ին կետում և 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածով» բառերը փոխարինել «2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, սոցիալական փաթեթի շահառուի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ու վարման կարգը հաստատելու մասին» N 375-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման hավելվածով նախատեսված դրույթների կատարումն ապահովելու նպատակով՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում համապատասխան իրավական ակտերում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ.
2) հիմք ընդունելով սույն որոշման hավելվածով նախատեսված դրույթները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, հաստատել սոցիալական փաթեթի շահառուներին տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գները, ինչպես նաև յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված ապահովագրական գումարի և ապահովագրավճարի մեծությունը՝ ապահովագրավճարի հաշվարկներում հիմք ընդունելով վնասաբերության (հատուցումների հարաբերությունն ապահովագրավճարներին) 90 տոկոս ուղենշային մակարդակը.
3) հիմք ընդունելով սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանագրերի կնքման գործընթացը: Ընդ որում, 2017 թվականի պայմանագրերը կնքելիս հիմք ընդունել սույն որոշումն ուժի մեջ մտնելու նախորդ ամսվա 1-ի դրությամբ էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների թիվը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամյա ժամկետում ներկայացնել մեխանիզմներ էլ-առողջապահություն համակարգում ձևավորվելիք վիճակագրության հիման վրա հաշվարկված բազմագործոն, դիվերսիֆիկացված ապահովագրավճարների կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից ծառայությունը մատուցող ապահովագրական ընկերության ընտրությունն ազատ սկզբունքով իրականացնելու համար: Ընդ որում, ներկայացնել սույն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ՝ համաձայն որի առողջապահական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար սոցիալական փաթեթի շահառուների կողմից ծառայությունը մատուցող ապահովագրական ընկերությունը կընտրվի ազատ սկզբունքով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթների կատարումն ապահովելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կազմակերպել էլեկտրոնային շտեմարանում սոցիալական փաթեթի շահառուների տվյալների փոփոխության հետ կապված գործընթացը՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելվածով նախատեսված դրույթները:
5. 2021 թվականի հունվարի 1-ից առողջապահական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար սոցիալական փաթեթի շահառուների կողմից ծառայությունը մատուցող ապահովագրական ընկերությունն ընտրվում է ազատ սկզբունքով:
6. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը (բացառությամբ որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի) ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող 2-րդ ամսվա 1-ից, որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ և 4-րդ կետերը՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։