27 Հուլիսի 2017, 895 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1553-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Պետական լիազոր մարմին ճանաչելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի ստեղծման ու վարման համար տեղեկությունների տրամադրման կարգը և օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 1553-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման տեքստում և N 1 հավելվածում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող ոլորտի նոր ստեղծված, ինչպես նաև լուծարված տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի հետ իր կողմից շահագործվող e-register.am էլեկտրոնային համակարգի համակցման միջոցով տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:»,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնող նոր տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում առկա տեղեկությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման N 3 հավելվածի ձևի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:»,
գ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: