13 Հուլիսի 2017, 884 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ ու 72-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 6-րդ կետը «համակարգում» բառից հետո լրացնել «՝ աշխատակազմի գործերի անվանացանկին համապատասխան» բառերով.
2) «VIII. Փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային արխիվացումը և պահպանումը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VIII. ԹՂԹԵ ԿՐԻՉՈՎ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ԱՐԽԻՎԱՑՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
75. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց՝ գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում՝ բացառությամբ մինչև հինգ տարի ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերի, որոնք պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
76. Համակարգում և առցանց համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի հետ աշխատանքների կատարումն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում՝ արխիվացվում է համակարգերում՝ երկու տարի ժամկետով, որից հետո փոխանցվում է աշխատակազմի արխիվ և աշխատակազմի տեղեկատվական համակարգ։
77. Աշխատակազմի արխիվում և աշխատակազմի տեղեկատվական համակարգում փաստաթղթերը համալրվում, հաշվառվում և պահպանվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
78. Աշխատակազմի արխիվի և աշխատակազմի տեղեկատվական համակարգի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884 - Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանման և օգտագործման կարգի պահանջներին համապատասխան։
79. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի։
80. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետն աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և թիվը։
81. Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում։
82. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության ենթակա գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ։
83. Ցանկացած ժամանակ, ըստ համակարգից օգտվելու հասանելիության, համակարգից օգտվողը կարող է համապատասխան համարով գտնել տվյալ փաստաթուղթը։
84. Երկու տարին լրանալուց հետո համապատասխան մարմինն իր համակարգում պահպանված՝ արխիվացված բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով փոխանցում է աշխատակազմի տեղեկատվական համակարգ։
85. Աշխատակազմի տեղեկատվական համակարգում էլեկտրոնային փաստաթղթերը պահպանվում են՝ ստեղծման պահից 10 տարի ժամկետով, ընդ որում, երեք տարին լրանալուց հետո բնօրինակին համարժեք պատճենները հանձնվում են պետական արխիվ։»:
3. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 189-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 4-ի N 559 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 932-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը հաստատելու մասին» N 1111-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման 2-րդ կետի «է» ենթակետը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման N 1 հավելվածի 62-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: