20 Հուլիսի 2017, 876 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի ապրիլի 21-ի դրությամբ գույքի գնահատված արժեքները՝ համաձայն հավելվածի.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
3) որ աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները` համաձայն հավելվածի.
4) որ աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ աճուրդի հաղթողը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից եռամսյա ժամկետում.
4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
5) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: