20 Հուլիսի 2017, 866 - Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի N 95-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) շրջանակներում մշակված և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկությունը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին լիազորել հանդես գալ կոնցեդենտի անունից և սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի հաղթողի հետ կնքել էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի միասնական օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթի, շարժական գույքի և նշված համակարգի սպասարկման իրավունքների փոխանցման կոնցեսիայի պայմանագիր։
3․Սահմանել, որ՝
1) մրցույթի հաղթողի կողմից կոնցեսիայի պայմանագրի դրույթների համաձայն հիմնադրվող ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր, որը հիմնադրման պահից երրորդ անձանց առջև գործում է կոնցեսիայի պայմանագրով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.
2) Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու նպատակով կոնցեսիայի պայմանագրով նախատեսված լիազոր մարմնի իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։