Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2017, 861 - Ն

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` կոմիտե).
2) հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գները սահմանում է կոմիտեի նախագահը.
3) հսկիչ-դրամարկղային մեքենաներն իրացվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով` կոմիտեի և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված հանձնարարության պայմանագրի շրջանակներում.
4) հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը հարկ վճարողների կողմից վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով, և վերջիններիս հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց օգտագործման մասին պայմանագիր, որում պարտադիր նախատեսվում են հետևյալ պայմանները՝
ա. հարկ վճարողները պարտավոր են անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում,
բ. հարկ վճարողները պարտավոր են իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանման դեպքերում եռօրյա ժամկետում հարկային մարմին վերադարձնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները` անկախ դրանց մաշվածության աստիճանից,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերից դուրս այլ վայրում հաշվառվելու և (կամ) փաստացի գործունեություն իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ստացած
հսկիչ-դրամարկղային մեքենան այդ վայրերում շահագործելու դեպքում հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին գործող ընդհանուր կարգով վճարում են
հսկիչ-դրամարկղային մեքենաների համար սահմանված գինը.
6) ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ.
7) սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում չնշված հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ կամ, հարկ վճարողի ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Սույն ենթակետում նշված հարկ վճարողների հետ կնքվում է
հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր.
8) սույն կետի 5-րդ ենթակետում նշված հարկ վճարողներին և 7-րդ ենթակետում նշված տարաժամկետ վճարման պայմանով
հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենան տրամադրվում է համապատասխան պայմանագրերը կնքելու օրը, իսկ
հսկիչ-դրամարկղային մեքենաների գինն ամբողջությամբ և միանվագ վճարած հարկ վճարողներին՝ վերջիններիս կողմից ներկայացված նոր (չշահագործված)
հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման մասին դիմումները բավարարվելուց հետո.
9) այն հարկ վճարողներին, որոնք սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված պայմաններով հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերելուց հետո հաշվառվում և (կամ) գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում, շահագործելով նշված պայմաններով ձեռք բերված հսկիչ-դրամարկղային մեքենաները` վերջիններիս համար վճարված գումարները չեն վերադարձվում, իսկ տարաժամկետ վճարման դեպքում դեռևս չվճարված գումարների վճարումից նշված հարկ վճարողները չեն ազատվում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվարկային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան» բառերով.
2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «վճարված գումարը» բառերից հետո լրացնել «կամ տարաժամկետ վճարմամբ հսկիչ-դրամարկղային մեքենան ձեռք բերելու վերաբերյալ նշումը» բառերով.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ները կիրառելու մասին դիմումները քննարկվում են
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և հարկային մարմնի կողմից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումը բավարարվում է, եթե դիմումում սխալներ չեն հայտնաբերվել, և ՀԴՄ կիրառողի կողմից վճարվել է դիմումում նշված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքը (եթե վճարումը պարտադիր է)».
4) 7-րդ կետում «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ կետում սահմանված ժամկետի շրջանակներում» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծում և հարկ վճարողներին իրացում կամ տրամադրում, ինչպես նաև» բառերը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և թույլտվություն տալու մասին» N 662-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
5. Կոմիտեի նախագահին`
1) հսկիչ-դրամարկղային մեքենաները ձեռք բերել մրցութային կարգով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` մինչև համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելը.
2) սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան պայմանագրերը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ֆինանսական միջոցները հատկացնելու և դրա պայմանների վերաբերյալ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
15-օրյա ժամկետում որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերող հարկ վճարողների նկատմամբ: