Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2017, 850 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ - ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ – ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, մարզական-սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման ու սպասարկման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, մարզական-սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման ու սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, մարզական-սպորտային կազմակերպություններում և ժամանցային կենտրոններում էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման ու ներդրման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված գնման ընթացակարգի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման պահանջները.
2) սույն որոշմամբ սահմանված էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման պատվիրատուի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը.
3) գնման ընթացակարգը կազմակերպվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա` երկու փուլով.
4) Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, մարզական-սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների կողմից էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ներդրումից հետո տոմսերի իրացումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
1) ձեռնարկել միջոցներ՝ գնման գործընթացն սկսելու ուղղությամբ.
2) ձևավորել գնահատող հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ներգրավելով մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված