6 Հուլիսի 2017, 812 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցված 258 բնակելի տները՝ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվելուց հետո, դրանց նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցումն ապահովելու նպատակով ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝
1) Հայաստանի Հանրապետության անունից Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը, կատարել հանձնումընդունում և ամփոփ տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման գործընթացը.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո ծրագրի շահառուների հետ իրականացնել սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը.
4) սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ծրագրի շահառուների հետ սույն որոշման N 1 հավելվածում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը մեկնարկելուց հետո, եռամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն նվիրատվության պայմանագրերի կնքման, ինչպես նաև այդ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանից սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա նվազեցնել կոմիտեում հաշվառված՝ նոտարական ծառայությունների և կադաստրային գրանցումների գծով առկա դեբիտորական պարտքի մնացորդները:
4. Սահմանել, որ սույն որոշման՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման տուրքերը և տեղեկատվության տրամադրման ծառայության վճարները կատարվում են ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության «Վանաձոր» նոտարական տարածքին փոխանցված միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի արժեքի հաշվարկն իրականացվում է «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի և այդ գույքերի մասով Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության և ծրագրի շահառուների միջև կնքված նախնական պայմանագրերի համաձայն՝ որպես շինարարության մակերես դիտարկելով կառուցված բնակելի տան ընդհանուր մակերեսի և 1.25 գործակցի բազմապատիկը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար վճարներ չեն գանձվում:
6. Գյումրու և Սպիտակի համայնքներին սեփականության իրավունքով հանձնել ծրագրի շրջանակներում 2010-2012 թվականներին Գյումրի քաղաքի Մուշ-2-2 ու Անի թաղամասերում և 2010 թվականին Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված նոր կոմունիկացիոն համակարգերը՝ համապատասխանաբար համաձայն NN 2 և 3 հավելվածների, դրանց արժեքը նվազեցնելով «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NԱՊՁԲ-08/132, NԱՊՁԲ-08/133 և NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված կանխավճարից:
7. Առաջարկել Գյումրու և Սպիտակի համայնքների ղեկավարներին Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կատարել սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված գույքի հանձնում-ընդունում և հանձնման-ընդունման արձանագրությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին և 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NԱՊՁԲ-08/132, NԱՊՁԲ-08/133 և NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրերի համաձայն «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացված կանխավճարից հաշվանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով և 7-րդ կետով նախատեսված հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա՝ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված անշարժ գույքերի արժեքները: