29 Հունիսի 2017, 785 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ-ՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով ու 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն է:
3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Էդիկի Խզմալյանին (անձնագիր՝ AP 0615111, տրված՝ 01.11.2016 թ., 012-ի կողմից):
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, ապահովել հիմնադրամի պետական գրանցումը՝ հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հիմնադրամին հատկացվող գույքի, այդ թվում` տարածքի վերաբերյալ.
3) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում հաստատել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
6. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
7. Կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին 2017 թվականին հատկացնել 30,000.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2017 թվականի ինն ամսում՝ 13,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: