Կառավարության որոշումներ

29 Հունիսի 2017, 761 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N 2/1 հասցեում գտնվող, 1 276 120 000 դրամ գնահատված արժեքով, 4556.07 քառ. մետր մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,782 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)` (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գ. Փարպի, Ղ. Փարպեցու փող. 13)` որպես մարզադպրոց օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ՝
1) կազմակերպությունը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպելու նպատակով 2017 թվականից մինչև 2021 թվականը յուրաքանչյուր տարի կատարել 3 մլն դրամի ներդրումներ.
2) կազմակերպությունը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում կազմակերպությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կազմակերպությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
5) կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: