23 Հունիսի 2017, 744 - Ա
«ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշումներով տրամադրված միջոցների 7,783,282 հազ. դրամ մնացորդից 7,770,000 հազ. դրամը ներդնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ դրան համարժեք, վարկային կազմակերպության 49.1 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու նպատակով.
2) «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր և ներդրված գումարների հաշվին՝ տեղաբաշխման միջոցով, վերջինից ձեռք բերել 370 հատ հասարակ և 370 հատ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր՝ յուրաքանչյուրը համապատասխանաբար 7,000 հազ. դրամ և 14,000 հազ. դրամ (ընդհանուր 7,770,000 հազ. դրամ) շուկայական արժեքով.
3) մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում և դրանց շրջանակներում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց համապատասխանեցումը սույն որոշմանը: