23 Հունիսի 2017, 723 - Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 76-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ, 81-րդ հոդվածի 3-րդ և 91-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասով և 622-րդ հոդվածով ու «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի համայնքում գտնվող՝ 8.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Ագրոինտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան 0087, Խաղաղ Դոնի փող., շ. 31, բն. 6, իրավաբանական անձի պետական գրանցման համարը՝ 278.110.791371) (այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` համայնքի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ՝
1) վարձակալության տրամադրվող հողամասի ամսական վարձավճարը կազմում է 50 000 դրամ.
2) վարձակալության հանձնված հողամասի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) ընկերությունը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո կատարել 176 594 720 դրամ ներդրումներ՝ համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակացույցի, ընդ որում՝
ա. 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը՝ 121,997,720 դրամի չափով,
բ. 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը՝ 54,597,000 դրամի չափով.
4) ընկերությունը պարտավոր է սույն կետի 3-րդ ենթակետով յուրաքանչյուր փուլում նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ ժամանակացույցով սահմանված ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
5) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք՝ չկատարված ներդրումների գումարի 5 տոկոսի չափով.
6) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք՝ չկատարած ներդրումների գումարի 3 տոկոսի չափով.
7) ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
8) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին: