8 Հունիսի 2017, 657 - Ն
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱ-ՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04950) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հիմնադրամի տնօրեն-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Կարինե Վիլիկի Հարությունյանին (անձնագիր` AM 0503535, տրված՝ 04.11.2011 թ., 012-ի կողմից):
5. Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Սահմանել, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:
7. Որպես նվիրատվություն ընդունել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 739344119 դրամով գնահատված արժեքով ու 3650.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և 10843897.0 դրամով գնահատված արժեքով ու 51.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հիմնադրամին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր.
2) սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր), ինչպես նաև սույն որոշման N 3 հավելվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ տողերում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ դրանցում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին և սահմանելով, որ պայմանագրերի ու համաձայնագրերի նոտարական վավերացման ու դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին՝ վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
12. Սահմանել, որ հիմնադրամը «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: