1 Հունիսի 2017, 658 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՈՒՄԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշումը:
2. Խմելու ջուրը ոռոգման համար օգտագործման կարգավորման նպատակով սահմանել, որ`
1) բնակավայրերում և բնակավայրերի առանձին թաղամասերում, որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ և ոռոգման համակարգ, բայց կան խմելու ջրի բավարար պաշարներ և տեխնիկական հնարավորություններ, խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով տրամադրվել (բացի մեխանիկական եղանակով տրված ջրի) ոռոգման նպատակով` բացառապես բնակիչ բաժանորդներին.
2) խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար բաժանորդը, որն ունի առևտրային հաշվառքի սարք, դիմում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) համապատասխան ստորաբաժանում և վերջինիս հետ կնքում է խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման օրինակելի պայմանագիր՝ համաձայն հավելվածի.
3) լիցենզավորված անձը, սույն որոշմանը համապատասխան, խմելու ջուրը ոռոգման և խմելու համար մատուցված ծառայությունների մասով վարում է առանձնացված հաշվառում:
3. Խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու նպատակով սահմանել, որ`
1) ապօրինի սպառումը` առանց լիցենզավորված անձի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ինքնակամ միացումն է, ինչպես նաև առանց խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի` խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից օգտվելն է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով նախատեսված, ինչպես նաև անցումային ժամանակաշրջանում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման դեպքերի.
2) ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերից կատարված ապօրինի սպառումն արձանագրվում է լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի ներկայությամբ: Փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար, որոնք ստորագրվում են լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի կողմից: Ապօրինություն կատարած անձի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում դրա մասին լիցենզավորված անձն արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Հայտնաբերված ապօրինի միացումը ենթակա է անջատման (ջրազրկման, խցափակման)` ապօրինի միացում կատարած անձի հաշվին: Ապօրինություն կատարած անձի չներկայանալու կամ նրա անհայտ լինելու դեպքում լիցենզավորված անձը կազմում է միակողմանի արձանագրություն.
3) ապօրինի սպառման հայտնաբերման դեպքում լիցենզավորված անձն ապօրինի միացմամբ օգտագործված խմելու ջրի և հեռացված (մաքրված) կեղտաջրերի օրական ջրաքանակները հաշվարկում է խմելու ջրի խողովակի ներանցման թողունակությամբ` ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ, ջրամատակարարման հրապարակված համապատասխան տևողությամբ և կատարված միացման ժամանակահատվածով, սակայն ոչ ավելի, քան սույն կետի 4-րդ ենթակետում նշված ծավալների, եթե ապօրինություն կատարած անձը չունի այլ հիմնավորումներ: Ապօրինի սպառմամբ իրականացված ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) քանակը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ տարածքի ջրամատակարարման նպատակով (նաև լիցենզավորված անձի կողմից չսպասարկվող համակարգի) տեղադրված առևտրային հաշվառքի սարքի գրանցած օգտագործված ջրաքանակից, իսկ դրա բացակայության դեպքում` սույն կետում նշված պայմաններով.
4) այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել և ամրագրել ապօրինի սպառմամբ իրականացված խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ժամանակահատվածը, ապա ապօրինի սպառման տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է`
ա. բազմաբնակարան շենքի բնակչի (ֆիզիկական անձի) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված՝ հաշվարկված ծավալի տասնհինգապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` երեսնապատիկով,
բ. ոչ բազմաբնակարան շենքի բնակչի (ֆիզիկական անձի) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված՝ հաշվարկված ծավալի երեսնապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` վաթսունապատիկով,
գ. ոչ բնակչի (իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված՝ հաշվարկված ծավալի իննսունապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` հարյուր ութսունապատիկով.
5) ապօրինի սպառում իրականացրած անձի կողմից համապատասխան հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, որոնցով հաստատվում է այդ տարածքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավական հիմքով օգտագործման իրավունքի առավել նվազ ժամանակահատված, ապա 4-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված հաշվարկված ծավալների բազմապատիկներն ընդունվում են հավասար այդ ժամանակահատվածին.
6) օգտագործված խմելու ջրի և (կամ) հեռացված կեղտաջրի (մաքրված) քանակների դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են՝ հիմք ընդունելով օրինակելի պայմանագրի 6.1-ին կետի 2-րդ ենթակետով կազմված արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով և վճարվում է լիցենզավորված անձին՝ որպես սպառված ջրի դիմաց վճար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: