Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2017, 635 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի
N 49 հասցեում գտնվող շենքի «Բ» մասնաշենքի 1-ին հարկից 24 835 000 դրամ գնահատված արժեքով, 370 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ու անհատույց օգտագործման իրավունքով, հինգ տարի ժամկետով տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան 50/5)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) եռամսյա ժամկետում «Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2012 թվականի մայիսի 7-ին կնքված N 40/0012 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ համաձայնագրում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում սահմանելով, որ`
ա. hիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
բ. իր կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին: