25 Մայիսի 2017, 572 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ N 1595-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և 11.1-ին հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս վերջիններիս կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ պետական մարմիններն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն և համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է ներառի առաջարկություն անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) սույն որոշման 3-րդ կետի համաձայն կնքված պայմանագրերի ֆինանսավորման նպատակով մինչև 2017 թվականի օգոստոսի 15-ն ամփոփել պետական մարմինների կողմից սույն որոշման կատարման պահանջներից ելնելով ներկայացված ծախսերի նախահաշիվների հայտերը, և առաջարկություն ներկայացնել 2017 թվականի երկրորդ կիսամյակում ծախսերի ֆինանսավորման համար.
2) պետական մարմինների համար hաջորդող բյուջետային տարիների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի պլանավորումը նախատեսող օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) հաշվի առնելով գանձապետական համակարգի առանձնահատկությունները՝ գերատեսչական նորմատիվ իրավական ակտով հաստատել գանձապետարանի տեղեկատվական համակարգերում սույն որոշման N 2 հավելվածի պահանջների կիրառման ապահովումը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սույն որոշմամբ հաստատված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվական համակարգերը պետք է համապատասխանեցվեն սույն որոշմամբ հաստատված պահանջներին՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) և գյուղական համայնքների տեղեկատվական համակարգերի համար՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված և օրենքներով ստեղծված պետական կառավարման մարմինների աշխատակազմերին «Ինտերնետ» ցանցի հետ համակցումն իրականացնել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի համաձայն, իսկ վերջիներիս կողմից ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով մատուցելիս տեղեկատվական համակարգերում ներդնեն և համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։