13 Ապրիլի 2017, 474 - Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03484) վերակազմավորել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի (այսուհետ` ակադեմիա):
2. Հաստատել ակադեմիայի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Ակադեմիայի տնօրեն-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Արամ Էդուարդի Իսաբեկյանին (անձնագիր` AN 0573241, տրված՝ 18.07.2013 թ., 011-ի կողմից):
5. Առաջարկել ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել ակադեմիայի պետական գրանցումը:
6. Սահմանել, որ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև ակադեմիայի գիտական խորհրդի ձևավորումը:
7. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված և «Երևանի գեղար-վեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղ. Դիլիջան, Գետափնյա փողոց 1 հասցեում գտնվող, 12702,306 հազ. դրամ սկզբնական և 5080,930 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1297.2 քառ. մետր ուսումնական մասնաշենքը և 0.446 հեկտար հողամասը (իրավունքի գրանցման N 1802528 վկայական) հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
8. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և դրանք թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ակադեմիային:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 9-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում ակադեմիայի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, և համաձայնագրի նոտարական վավերացման ու համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ակադեմիայի միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ ակադեմիային փոխանցման ակտը.
2) ակադեմիայի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով ակադեմիային փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ կատարել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
12. Սահմանել, որ ակադեմիան «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
13. Դադարեցնել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի (պետական հաշվառման համարը՝ 29.060.01963) գործունեությունը:
14. Սահմանել, որ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերն իրենց գործունեությունը կարող են շարունակել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամում, որպես կառուցվածքային ստորաբաժանումներ:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: