4 Մայիսի 2017, 462 - Ա
«ԿՈՄԵՏԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով և 67-րդ ու 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 80 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Կոմետա» բաց բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը` 271.120.00532, հասցեն` քաղ. Երևան, Ալիխանյան եղբայրների 2-րդ փողոց, շենք N 54) լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում լուծարման մասին որոշման ընդունմանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Կոմետա» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` առաջարկելով դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Կոմետա» բաց բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում պետական բաժնեմասի համապատասխան գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: