4 Մայիսի 2017, 470 - Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1) բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին: