27 Ապրիլի 2017, 445 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի 649-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1149-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1577-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ձևավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառասունհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցելու գործընթացը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման ընդունումից բխող և տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը փոխանցվող` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությանն ամրացված գույքի (ներառյալ տեսչության կողմից իրականացված ստուգումների ընթացքում կազմված ստուգումների փաթեթների) ցանկը:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո քսանօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված հաստիքացուցակի հաստատումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը։
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը:
9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին`
1) նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների թիվը.
2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի առաջարկությունը, ինչպես նաև համաձայնեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
3) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել դրանք.
4) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը։
10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության լուծարման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից և նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից:».
2) N 1 հավելվածի 8-րդ կետի «իը» և «իժ.2» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) N 1 հավելվածի 12-րդ կետի «ե» ենթակետում «նախարարության» բառը փոխարինել «նախարարության աշխատակազմի» բառերով, «ժ» ենթակետը «ցուցումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարագրերի, կարգադրությունների և ցուցումների» բառերով, «ժէ1» ենթակետը վերջում լրացնել «իսկ տեսչական մարմնի հաստիքացուցակը տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերով.
4) N 1 հավելվածի 14-րդ կետի «բ» ենթակետը «առանձնացված ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի» բառերով, իսկ «գ» և «ե» ենթակետերը «մարմինների» բառից հետո լրացնել «բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից» բառերով.
5) N 1 հավելվածի 16-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով.
6) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.
«23.1. Նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:».
7) N 1 հավելվածի 30-րդ կետից հանել «տեսչություններ» բառը.
8) N 1 հավելվածի 33-րդ կետից հանել «, վերահսկողական գործառույթներ» բառերը.
9) N 2 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ տողն ուժը կորցրած ճանաչել.
10) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ III բաժնով.
«III. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում գործող տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 7-րդ կետի 10-րդ և 8-րդ կետի 28-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) N 2 հավելվածի II բաժնի երկրորդ տողն ուժը կորցրած ճանաչել։
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 649-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 8-րդ կետի «ժ» և «ժա» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
14. Լուծարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1149-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1577-Ն որոշումները:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 11-14-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո: