Կառավարության որոշումներ

27 Ապրիլի 2017, 444 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 857-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈ-ՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1293-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Հայաստանի  Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին։
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ձևավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառասունհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցման գործընթացը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման ընդունումից բխող և տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո քսանօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված հաստիքացուցակի հաստատումը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը։
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարին`
1) նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողների թիվը.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի առաջարկությունը, ինչպես նաև համաձայնեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
3) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել դրանք.
4) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը։
8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության լուծարման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից և նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից:».
2) N 1 հավելվածի 12-րդ կետի «ժ» ենթակետը «ցուցումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարագրերի, կարգադրությունների և ցուցումների» բառերով.
3) N 1 հավելվածի 16-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչական մարմինների» բառերով.
4) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.
«23.1. Նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:».
5) N 1 հավելվածի 30-րդ կետից հանել «տեսչություններ» բառը․
6) N 1 հավելվածի 46-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
7) N 2 հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ III բաժնով.
«III. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում գործող տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին»:
10. Լուծարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2004 թվականի հուլիսի 29-ի N 1146-Ն, 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1893-Ն, 2004 թվականի նոյեմբերի 25-ի N 1724-Ն ու 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 857-Ն որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1293-Ա որոշումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:

Հավելված