Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2017, 423 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), օտարել մրցույթով՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի մարտի 24-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` համաձայն հավելվածի.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
3) որ, գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:

Հավելված