Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 401 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի համայնքի Մեծ Ակադեմիյան թաղամասի հասցեում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը՝ յուրաքանչյուրը 2 968 000 դրամ սկզբնական արժեքով, և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից, և այնտեղ բնակվող ընտանիքների կողմից փաստացի զբաղեցված տարածքները (այսուհետ՝ բնակելի տարածքներ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նվիրել վերջիններիս՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երասխահունի համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային մասնաշենքի և վարչական շենքի օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի չափագրման, նպատակային նշանակության փոփոխության, ինչպես նաև որպես առանձին գույքային միավոր պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով համայնքի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2013 թվականի հունվարի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի N 13/0013 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են վճարման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում ներառված բնակիչների հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման՝ նվիրառուների միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև շենքի ընդհանուր օգտագործման համարվող տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հավելված