Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 386 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1370-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ», «ե» և «է» պարբերություններով նախատեսված ներքոհիշյալ պատվիրատուները բաց մրցույթով, բացառությամբ երկու փուլով մրցույթի, գնանշման հարցման ձևով և օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով գնումներն իրականացնում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններ, պետության հիմնարկներ,
բ. մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության համայնքներ,
գ. պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ,
դ. պետության կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),
ե. այն հիմնադրամները կամ ձևավորված միավորումները (միությունները), որոնք ստեղծվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից,
զ. պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),
է. պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ.
2) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների վրա:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից քսանօրյա ժամկետում հաստատել էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույցը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1370-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ից:

Հավելված