Կառավարության որոշումներ

13 Ապրիլի 2017, 381 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1606-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման, շրջանառության և մարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման և մարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) գանձապետական պահառուի գործունեության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1606-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`
ա. մինչև 2017 թվականի ապրիլի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ կնքել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված կենտրոնական պահառության, վերջնահաշվարկի, մարման սպասարկման իրականացման պայմանագիր,
բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունվող պետական պարտատոմսերի կարգավորման վերաբերյալ բոլոր իրավական ակտերը, դրանց մեջ լրացումները և փոփոխությունները կատարել՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ,
գ. սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնել սույն որոշումն ուժի մտնելու պահին շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի, խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի գլոբալ հավաստագրերը՝ շարունակելով դրանց հաշվառումն էլեկտրոնային գրանցամատյանում.
2) առաջարկել «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին` մինչև 2017 թվականի ապրիլի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված աճուրդի համակարգի օպերատորի գործառույթների իրականացման պայմանագիր.
3) ապահովել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ISO 6166 ստանդարտին համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի շնորհումը.
4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը թողարկված և շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնել՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի.
5) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը թողարկված պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի ազատ վաճառքն իրականացնել՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ից:

Հավելված