Կառավարության որոշումներ

13 Ապրիլի 2017, 372 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882 քառ. մետր մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342 քառ. մետր մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքներն սպասարկող կառուցվածքները՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ գույք), հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Նորաբեր/1 Շիրակավան 2909, վկայական 01Ա009516):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի մարտի 24-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 30 260 408 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 22695306 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 և 0.1968 հեկտար մակերեսով հողամասերի կադաստրային արժեքները՝ համապատասխանաբար 1 987 200 և 283 392 դրամ.
4) գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերը ներառված չեն Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ցանկում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի 50 տոկոսը, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) գույքն իրեն հանձնելու պահից սկսած տասնհինգ տարվա ընթացքում ջրանցքի վերանորոգման, վերականգնման և շահագործման նպատակով ներդնել 540.0 մլն դրամ՝ համաձայն N 2 հավելվածով հաստատված ժամանակացույցի՝ չխոչընդոտելով ոռոգման ռեժիմները և ծավալները.
2) գույքի վաճառքի գնի մնացած 50 տոկոսը վճարել պայմանագրի կնքումից հետո եռամսյա ժամկետում.
3) ջրանցքի տվյալ հատվածը շահագործել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության կողմից սահմանված ոռոգման ջրամատակարարման ռեժիմների ու ծավալների գերակայությամբ, ջրի անվճար փոխադրմամբ, առանց պետության կողմից համակարգի շահագործման և պահպանման համար տրվող դոտացիոն վճարների.
4) «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը չշահագործելու կամ այն երրորդ անձի օտարելու դեպքում ջրանցքի՝ սույն որոշման համաձայն գնված հատվածը և դրա վրա կատարված անբաժանելի բարելավումները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի.
5) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը գույքի վաճառքի գինը վճարում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հավելված