Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 342 - Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՅԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել ի գիտություն, որ գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործու-նեության կազմակերպման ու զարգացման նպատակով պետության կողմից նախատես-վում է տրամադրել մինչև 700 մլն դրամ:
2. Սահմանել, որ՝
1) գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկ (այսուհետ՝ առաջարկ) կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ.
2) առաջարկը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝
ա. առաջարկի իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները,
բ. առաջարկի իրականացման տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,
գ. առաջարկի իրականացման նպատակով մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը,
դ. առաջարկի իրականացման տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական կանխատեսումը՝ 5 տարվա կտրվածքով,
ե. գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ,
զ. առաջարկի իրականացման հետևանքով տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը,
է. առաջարկի իրականացման համար անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմանները, ներդրված պետական միջոցների վերադարձի տևողությունը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,
ը. առաջարկի համար անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով հայտարարել առաջարկներ ներկայացնելու գործընթացի մասին՝ առաջարկներ ներկայացնելու ժամկետը սահմանելով 20 օր.
2) առաջարկներն ստանալուց հետո կազմակերպել դրանց գնահատումը և դրական եզրակացություն ստացած առաջարկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման: Դրական եզրակացություն ստացած առաջարկի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացվեն գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման կառավարման մեխանիզմները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: