Կառավարության որոշումներ

16 Մարտի 2017, 290 - Ն

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Դիլիջանի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող, 15,660,317,643.00 դրամ հաշվեկշռային արժեքով ավարտված և անավարտ շինարարության օբյեկտները, բացառությամբ հիմնական մասնաշենքում գտնվող, 79.3 քառ. մետր տարածքով և 24.8 մլն դրամ հաշվեկշռային արժեքով տվյալների մշակման կենտրոնի (տարածքը գտնվում է Ձ´-Մ և 5´-8´ առանցքներում +2,55 նիշի վրա), 133,249,341,00 դրամ հաշվեկշռային արժեքով 7,84668 հեկտար հողատարածքը և դրա շահագործման հետ կապված` 998,749,940,00 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն հավելվածի (այսուհետ՝ բոլորը միասին` գույք), հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի և դրան վերաբերող փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: Սահմանել, որ անավարտ օբյեկտների հանձնումը կատարվում է փաստացի կատարված գույքագրման արդյունքների հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հանձնում-ընդունումից հետո 15-օրյա ժամկետում համատեղ ապահովել ավարտված օբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` գույքի չափագրման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նախատեսված գույքի կրկնակի գույքագրում և, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:
4. Մինչև սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հանձնում-ընդունումը գույքի պահպանությունը և պահպանման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցներով:
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գույք ձեռք բերելու և ամրացնելու մասին» N 1161-Ն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված