16 Մարտի 2017, 263 - Ա
«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի
9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով («Ավտոճանապարհային մեքենաներ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներ և արտադրամիջոցներ, որոնց շուկայական արժեքն ըստ «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 12-ին տրամադրված N 60804-2 գնահատման ակտի կազմում է 224,318,000 դրամ) ապահովելու դեպքում՝ թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի հիման վրա ընկերության կողմից ստանձնած վարկային պարտավորության մնացորդ՝ 930.016,39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ժամկետանց պարտքի հիմնական գումարի, դրա նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տարեկան 2 տոկոս դրույքաչափով տոկոսագումարի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների մարման ժամկետները:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ ընկերության նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները ենթակա են կապիտալացման` որպես վարկի հիմնական գումար.
2) «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքվող պայմանագրում սահմանել, որ ընկերությունը պարտքի մարման նպատակով պարտավոր է 2017 թվականից սկսած մինչև 2021 թվականը ներառյալ, համամասնորեն մարման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել կապիտալացված վարկի գումարը և պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով սահմանված տոկոսագումարը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի ժամանակացույցում` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման պայմաններին համապատասխան: