2 Մարտի 2017, 207 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի
N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բժշկական կազմակերպությունների համար շտապ բուժօգնության մեքենաներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150.000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.9 և
12 աղյուսակներում և N 12 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` հաստատել բժշկական կազմակերպությունների ցանկը և վերջիններիս նվիրաբերության պայմանագրերի հիման վրա հատկացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին ձեռք բերված շտապ բժշկական օգնության մեքենաները, որոնք պետք է օգտագործվեն դրանց նշանակությանը համապատասխան:
4. Թույլատրել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցների հաշվին կատարվելիք գնման գործընթացի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 47-րդ կետի 1-ին ենթակետի, 65-րդ, 66-րդ, 67-րդ և 68-րդ կետերի պահանջները, իսկ հրավերով սահմանված որակավորման պահանջներին իրենց համապատասխանությունը հիմնավորելու համար մասնակիցները ներկայացնում են միայն այդ պահանջներին իրենց համապատասխանության մասին հայտարարություններ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: