16 Փետրվարի 2017, 150 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը, 5-րդ և 6.4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի N 29 շենք, N 28 շինություն հասցեում գտնվող՝ 14 600 000 դրամ գնահատված արժեքով, 63.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղային հարկի տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երվանդ Մանարյան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ Կենտրոն 0015, քաղ. Երևան, Մաշտոցի պող., շենք 7, բն. 37)՝ «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) երկամսյա ժամկետում «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2009 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 88/009 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ՝
ա. ընկերությունը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման և գույքի ձեռքբերման նպատակով պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում կատարել 1 000 000 դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ,
բ. ընկերությունն իր ստեղծագործական գործունեության տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշներով պարտավոր է ապահովել առնվազն 2 նոր բեմադրություն, 2400 հանդիսատեսի թվաքանակ, 96 ներկայացում՝ մեկ ներկայացման դեպքում դահլիճի միջին 50 տոկոս բեռնվածությամբ, ընդ որում՝ գործունեության առաջին տարում նշված ոչ ֆինանսական ցուցանիշները սահմանել 50 տոկոսի չափով,
գ. ընկերությունը պարտավոր է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
դ. ընկերությունը պարտավոր է սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պարտավորությունների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
ե. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,
զ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով,
է. ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
ը. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին: