16 Փետրվարի 2017, 125 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 10ա հասցեում գտնվող՝ 242.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող՝ 374.4 քառ. մետր մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 19917260 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 14937945 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 374.4 քառ. մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 1100740 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գնի 20 տոկոսի չափով.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 94152 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթին մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: