Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2017, 123 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՈՆՑԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի և 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի  ավտոմատացված   համակարգի   ներդրման,   սպասարկման   և   փոխանցման  նպատակով   կոնցեսիայի պայմանագիր  կնքելու  իրավունք   շնորհելու  համար  մրցութային  գործընթացը  կանոնակարգելու   նպատակով   Հայաստանի   Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի, և սահմանել, որ այս մրցույթի նկատմամբ չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման պահանջները:
2. Ստեղծել սույն որոշմամբ սահմանված մրցույթի անցկացման համար մրցութային հանձնաժողով և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ներգրավելով մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ու երկուական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունից:
3. Սահմանել, որ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով և սույն որոշման հավելվածի 36-րդ, 37-րդ և 45-րդ կետերով սահմանված լիազորությունների, սույն որոշմամբ սահմանված մրցույթի անցկացման նպատակով գնման պատվիրատուի լիազորություններն իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ապահովելով մրցութային հանձնաժողովի աշխատանքի պատշաճ կազմակերպումը, նիստերի արձանագրումը, գնման համակարգողի և հանձնաժողովի քարտուղարի նշանակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված